«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով ՌԴ-ն մինչև 100 ԱՄՆ միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար:
Փոխնախարարի հայտնեց, որ համաձայնագրի առաջին հավելվածով նշված է սպառազինության ցանկը, որը հրապարակման ենթակա չէ, փոխանցում է panorama.am-ը:
«Մենք պատգամավորներին ներկայացրել ենք ձեռք բերվող զինատեսակների ցանկը, որին նրանք կարող են ծանոթանալ։ Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարվա ընթացքում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն ունենալ»,- ասաց հիմնական զեկուցողը։