NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և առայժմ միակ կին օդաչու` 25-ամյա հայուհի Նադեժդա Բենկլյանին է հանձնել ԱՄՆ-ի դեսպանատան պարգևը «Կանանց առաջնորդության և արիության համար», հաղորդում է Sputnik Գրուզիան։
Պարգևատրման արարողությունը կայացել է Վրաստանի ավիացիոն համալսարանում, որի շրջանավարտ է Բենկլյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է, առավել ևս, որ այդ պարգևն ինձ հանձնել է նման կարևոր անձնավորություն։ Ես հիացած եմ նրանով։ Անհավանական զգացողություն է, երբ նման մարդը հիանում է քեզնով։ Պարզվում է` նա ցանկացել է օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել», - ասել է Բեկլյանը Sputnik Գրուզիային։
Ֆայֆերը ոչ միայն NASA–ի տիեզերագնաց է 1993թ-ից, այլ նաև ԱՄՆ ծովային նավատորմի կապիտան։ Նա առաջին անգամ տիեզերքում եղել է 2006թ.-ին։