Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելուց ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանը հայտարարեց Իլգար Մամեդովին կալանքը պայմանական ազատմամբ փոխարինելու հնարավորության մասին: Հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ այս քայլին դիմելն ամենևին էլ զարմանալի չէր:
Մարդու իրավունքների ոլորտում տիրող խախտումների վերաբերյալ միջազգային քննադատությունից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարել են համաներում (օրինակ՝ համաներմամբ են ազատ արձակվել իրավապաշտպաններ Անար Մամեդլին և Ռասուլ Ջաֆարովը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ներկայացացուչներ), երբեմն էլ գնացել են «զիջումների» (օրինակ՝ ազատ արձակելով՝ Լեյլա և Արիֆ Յունուսներին):
Հետաքրքիր է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, ԵԽ նախարարների կոմիտեի կողմից հրապարակված միջանկյալ զեկույցը ակնկալվում էր, որ միջազգային մեծ աղմուկից խուսափելու համար հենց այդ ժամանակ պետք է ստիպեր Ադրբեջանին ազատ արձակել Մամեդովին: Սակայն, Ադրբեջանը չգնաց այդ քային, գուցե ցույց տալու իր «սկզբունքայնությունն», միևնույն ժամանակ հուսալով, որ կկարողանա կանխարգելիչ քայլեր իրականացնել, որպեսզի հարցը չհասնի դատական քննության:
Ինչևէ, դեկտեմբերի 5-ին ԵԽ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ին պաշտոնապես խնդրեց հստակ գնահատել, թե արդյո՞ք Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռը: Հատկանշական է, որ 2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառում է Ադրբեջանի նկատմամբ: Մինչ այս ՄԻԵԴ-ը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում արձանագրել է 5 անգամ, սակայն բոլոր դեպքերում էլ խախտումն արձանագրելուց և զգուշացումից հետո վճիռը կատարվել է: Նշենք, որ Կոնվենցիայի 18-րդ հոդվածում ասվում է. «Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:
Հատկանշական է, որ եթե մինչև այս դատական գործընթացի ավարտն Մամեդովը ազատ չարձակվեր, ապա Ադրբեջանը կզրկվեր ԵԽ անդամակցությունից: Ու չնայած նրան, որ անգամ ամենաբարձր մակարդակներով բազմիցս է հայտարարվել, որ Ադրբեջանը պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, Մամեդովին ազատելու հնարավորության մասին հայտարարելով Ադրբեջանն ապացուցեց, որ նման ցանկությունը ընդամենը եղել է Եվրոպային ուղղված հերթական «շանտաժը»: