Ինչպես հայտնել է «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, այն այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 60-70%-ով, փոխանցում է «Նովոստի Արմենիա»-ն:
Նրա խոսքով՝ այդ աճը տեղի է ունենում նույնիսկ այն պայմաններում, երբ թանգարան-արգելոց հասնելն այնքան էլ հեշտ չէ: Գյուրջյանը նշել է, որ ավելի մեծ թվով շբոսաշրջիկներ ներգրավելու համար 2018թ.-ին թանգարանը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ:
«Ինչպես գիտեք, 2018թ. Հայաստանը մի շարք հոբելյաններ պիտի նշի. Առաջին հանրապետության հարյուրամյակը, Էրեբունի-Երևանի 2800-րդ տարելիցը, ինչպես նաև այստեղ է կազմակերպվում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: «Էրեբունի» թանգարանում մենք ութ տարի շարունակ ֆրանսիացի գիտնականների հետ իրականացնում ենք պեղումներ, որոնք թույլ տվեցին հստակեցնել բոլոր հարցերը, որոնք թույլ կտան վերականգնել մեր հուշարձանը Էրեբունի-Երևանի հոբելյանի նախաշեմին»,- ասել է Գյուրջյանը: