Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա կառուցել են այս երկիրը: Այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին, հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը. «Այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Ձայնը:
Էդ Ռոյսը նշեց, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաև՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արևելքից գաղթած քրիստոնյաներին. «Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:
Էդ Ռոյսը նշել է. «Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում»: