Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի և Վրաստանի իշխանություններին, ինչպես նաև Հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայ եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ, հայտնում է NEWS.am-ը:
Կոչ-հայտարարությունում ասվում է.
- Հայաստանի և Վրաստանի իշխանություններին,
- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,
- Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ին,
- Հայ և վրաց ժողովուրդներին,
ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական և հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված և անընդունելի այնպիսի երևույթներ որոնց հետևանքով առաջացած լարվածությունը անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է'լ ավելի թափ ստացան նման երևույթները:
Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգևոր առաջնորդներին և հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարևան պետությունների և ժողովուրրդների բարօրության, համերաշխության և զարգացման, իրենց համատեղ, խոհեմ և ողջամիտ քաղաքականությամբ և մոտեցումներով կարևորելով ազգային, մշակութային, կրոնական և կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով և բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ և արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաև վրաց և հայ ժողովուրդների և՛ սեփական և՛ ընդհանուր շահերը:
Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:
Անհրաժեշտ է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել ջավախահայության կրթական և եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային և պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով և կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների ամրապնդման:
Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը և բռնել արտագաղթի ճամփան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական և քաղաքական ղեկավարները և սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:
Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային և իրագործելի ծրագիր և ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի և Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման և փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաև հայկական Սփյուռքը: