Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայում հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զորախմբի դուրսբերումը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սիրիական բանակի հետ համատեղ ջախջախել են Սիրիայում ամենամարտունակ միջազգային ահաբեկչական խմբավորմումը: «Դուք հաղթանակով եք վերադառնում ձեր հայրենի օջախներ», - նշել է Պուտինը՝ ելույթ ունենալով ավիաբազայի զինվորականների առջև: Պուտինն ընդգծել է, որ Սիրիան պահպանվել է որպես ինքնիշխան անկախ պետություն «Փախստականները վերադառնում են իրենց տներ: Ստեղծվել են պայմաններ ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական կարգավորման համար», - նշել է նա:
«Օգնելով Սիրիայի ժողովրդին պահպանել իրենց պետականությունը, հետ մղելով ահաբեկիչների հարձակումները՝ դուք կործանիչ հարված եք հասցնում նրանց, ովքեր ուղղակիորեն բացահայտ կերպով սպառնում էին մեր երկրին», - նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, ռուսական կողմը նրանց աննախադեպ հարվածներ կհասցնի:
Նշենք, որ ռուսական զորախմբի դուրս բերումը, ինչի մասին հայտարարվել էր ավելի վաղ՝ նոյեմբերին Սոչիում կայացած Պուտին-Ասադ հանդիպման ժամանակ, չի նշանակում Սիրիայում Ռուսաստանի ներկայության՝ այդ թվում նաև ռազմական, ավարտ: «Ըստ միջազգային համաձայնագրերի՝ Սիրիայում շարունակելու է աշխատել Զինված կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Ստեղծվել և միշտական հիմունքներով գործելու է տեղակայման երկու կետ՝ Տարտուսում և Հմեյմիմում», - հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը Պուտինին զեկուցել է, որ զորախմբի՝ Սիրիայում մնացած մասը ի վիճակի է նույն արդյունավետությամբ կատարել իր առջև դրված խնդիրները: Այս մասին նշում են նաև փորձագետներն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում Սիրիա նոր զորախումբ ուղարկելը մեծ դժվարություն չի ներկայացնի:
Նշենք, որ Հմեյմիմում Պուտինը հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպման ընթացքում Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայում հարթել խաղաղ կյանք և քաղաքական գործընթաց: «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ Իրանի և Թուրքիայի հետ, որոնք աջակցում են ահաբեկչությունն արմատախիլ անելուն, կհաջողվի խաղաղ կյանք և քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում: Կարևոր է նախապատրաստել Սիրիայի ժողովուրդների կոնգրես, սկսել քաղաքական կարգավորման գործընթացը», - նշել է Պուտինն Ասադի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Սիրիայից Պուտինն ուղևորվել է Եգիպտոս, այնուհետև մեկնելու է Թուրքիա: Երկու բակացություններում էլ սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը լինելու է առանցքային:
Սիրիայում 227 օր տևած ռուսական ռազմական գործողության արդյունքում ազատագրվել է 67 հազար քառ. կմ տարածք: