Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր Թոնի Քլեմենտը դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախին: Այս մասին Քլեմենտը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա իր ելույթում մասնավորապես նշել է.
«Թեև ներկայում գոյություն ունեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնք արժանի են բարձրաձայնման, այդուհանդերձ՝ ես կցանկանայի առանձնացնել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը:
Այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել եմ Արցախ ու անձամբ ուսումնասիրել հակամարտության մանրամասները, խաղաղության տենչացող ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի դեպքերը:
Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների ու հակամարտությունում ներգրավված այլ մարդկանց հետ: Ես ականատես եմ եղել անպատմելի սարսափների:
«Հարգելի՛ խոսնակներ, ես կցանկանայի տեսնել խաղաղ ու բարգավաճող Արցախ, որտեղ մարդիկ կկարողանային կողք կողքի ապրել հարևանների՝ այդ թվում նաև Ադրբեջանի հետ»:
Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որի լիիրավ անդամ է նաև Կանադան:
«Հետևաբար՝ կոչ եմ անում կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարումն ու քայլեր ձեռնարկել հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ»,- հավելել է պաշտոնյան: