Կորսիկացի ազգայնականները մեծ հաջողության են հասել օրերս կղզում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Կղզու առավել մեծ ինքնավարության օգտին հանդես եկող Pe a Corsica («Կորսիկայի համար») շարժումը ստացել է ընտրողների ավելի քան 56,5 տոկոսի քվեները:
«Ընտրությունների այսպիսի արդյունքներն ապացուցում են, որ կորսիկացի ընտրողները կորցրել են հավատը կենտրոնական իշխանության հանդեպ: Մեր նպատակն է, որպեսզի շարքային քաղաքացիները կրկին վստահեն իշխանություններին ոչ միայն Կորսիկայում, այլև ամբողջ Ֆրանսիայի տարածքում», – նշված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մեջ:
Կորսիկացի ազգայնականների դաշինքը ձևավորվել է երկու տարի առաջ Ժան-Գի Տալամոնի և Ժիլ Սիմեոնիի կողմից: Վերջինիս խոսքով՝ «ընտրությունների արդյունքները պատմական հաղթանակ են»:
Սիմեոնին նշել է, որ Փարիզը ստիպված կլինի «գիտակցել Կորսիկայում կատարվածը»՝ նախագահ Մակրոնին հորդորելով վերաբացել անկախության մասին բանակցությունները:
Դաշինքը ձգտում է ավելի շատ ինքնավարություն ստանալ Փարիզից, որը կենթադրի հետևյալ պայմանները՝ Կորսիկերեն լեզվի՝ ֆրանսերենին համարժեք ճանաչում, քաղբանտարկյալ համարվող դատապարտյալների ընդհանուր համաներում և Կորսիկային հատուկ կացության կարգավիճակի շնորհում:
Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 17-ին:
Կորսիկայի քայլերը դեպի ավելի մեծ ինքնավարություն հետևում են Իսպանիայից բաժանվելու Կատալոնիայի փորձերին: Կատալոնիայի անկախության ձգտումը ԵՄ այլ շրջանների մոտ առաջացրել է դոմինոյի ազդեցություն, որը կարող է ճգնաժամ ստեղծել Եվրամիությունում, քանի որ ԵՄ հիմնական երկրներից շատերն ունեն իրենց սեփական անջատողական շարժումները:
The Express-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոստովանել է, որ Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու հայտարարությունից հետո ԵՄ-ում սկսել են «ճեղքեր» հայտնվել:
Իսպանիայի այլ շրջաններում ևս, օրինակ, Բասկերի երկրում և Գալիցիայում սկսել են անկախություն պահանջել:
Կորսիկան հանդիսանում է Ֆրանսիայի 18 շրջաններից մեկը: Այն գտնվում է ֆրանսիայի հարավ-արևելքում և իտալական թերակղզու արևմուտքում՝ Սարդինիա կղզու հարևանությամբ:
Կորսիկան ունի հատուկ կարգավիճակ: Այն ավելի մեծ ինքնավարություն է վայելում, քան Ֆրանսիայի մյուս շրջանները: Օրինակ, Կորսիկայի ժողովը կարող է իրականացնել որոշակի գործադիր իշխանություն:Կղզու բնակչությունը շուրջ 315 հազար մարդ։ Բնակչության հիմնական մասը կորսիկացիներ են։