Դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս», - նշել է նախագահը: