«Նոր Տարին Երևանում 2018». սա է Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա Ամանորյա միջոցառումների ծրագիրը: Վերջինս ամանորյա միջոցառումների հիմնական մեկնարկը նախատեսում է դեկտեմբերի 19-ից, երբ Հանրապետության Հրապարակում պաշտոնապես կվառվեն տոնական լույսերը:
Քաղաքապետարանը վստահեցնում է՝ այս տարի տոնական միջոցառումները կլինեն առնաձնահատուկ: Դա պայմանավորված կլինի ինչպես ավելի շատ լուսավորությամբ ու տոնական կոմպոզիցիաներով, որոնք արդեն գեղեցկացրել են Հանրապետության մայրաքաղաքը, այլ նաև մի շարք նոր միջոցառումներով:
Այսպես, դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն, մայրաքաղաքի բնակիչների համար Հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը: Պետք է նշել, որ այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 1-ից 3-ը: Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, իսկ ահա «Երևան Սիթի Տուր» ծրագիրը տոնական երթուղի կապահովի երևանիցների և Երևանի այցելուների համար: Ի դեպ, վերջինս կգործի դեկտեմբերի 20-ից:
Բացի զուտ ամանորյա միջոցառումներից, մայրաքաղաքում այս տարի անակնկալներ կան նաև արվեստի սիրահարների համար: Մասնավորապես, հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները, այդ թվում՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Սուրբ Ծննդյան տոնը ևս այս տարի առանձնահատուկ կնշվի՝ Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնության շրջանակներում «Սուրբ Ծնունդը Երևանում» խորագիրը կրող համերգային ծրագրով հունվարի 6-ին:
Եթե տոնական տրամադրությունն արդեն վարակել են ձեզ, ապա կարող եք այն բազմապատկել երևանյան այգիներում և բացօթյա զվարճանքի կենտրոններում:
Օրինակ, դեկտեմբերի 8-ից արդեն գործում է Կարապի լճի սահադաշտը, ձմռան ամիսներին կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:
Եվս մեկ՝ փոքրիկների համար արդեն իսկ սիրելի ժամանցի վայր է Երազ Ձմեռային այգին՝ Թբիլիսյան խճուղում: Ի դեպ, Սանտային տեսնելու համար, այգի կարող եք այցելել դեկտեմբերի 15-ից սկսած, քանի որ հենց այդ օրն է Սանտան հեռավոր Լապլանդիայից իր եղնիկներով ժամանել այգի:
Վայելե՛ք տոնական միջոցառումները Երևանում ամենատոնական տրամադրությամբ: