ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
Նախագիծը տեղադրվել է «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Որոշման նախագծում նշվում է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի եւ ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշում է.
2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:
«Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:
Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար»,- նշվում է որոշման նախագծում: