2017 թվականը բավականին հագեցած էր Իրանի արտաքին քաղաքական կյանքի համար: 2017 թվականի մայիսին Իրանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները որոշիչ էին երկրի արտաքին քաղաքականության համար:
Նշենք, որ այս անգամ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խոմեյնեին այդքան էլ կողմ չէր Ռոհանիին այդ պաշտոնում տեսնելուն, քանի որ վերջինս փորձեր էր անում ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Արդյունքում, հակառակ կանխատեսումների, բավականին թեժ ընտրապայքար ստացվեց Ռոհանիի և Խամեյնեի աջակցությունը վայելող Էբրահիմ Ռայիսիի միջև: Ընտրապայքարի հիմնական թեման Ռոհանիի կողմից կնքված միջուկային գործարքն էր: Չնայած իրանական հասարակությունում առկա դժգոհությանը, որ միջուկային գործարքի կնքումը մեծ հաշվով չբարելավեց երկրի տնտեսական դրությունը, Ռոհանիին հաջողվեց վերընտրվել նախագահի պաշտոնում՝ շնորհիվ երիտասարդության շրջանում ունեցած մեծ աջակցության:
Ռոհանիի վերընտրվելն որոշակի լարվածություն առաջացրեց Իրանի ներքաղաքական կյանքում: Որոշ վերլուծաբաններ նախագահի երդմնակալության արարողությանն ընդառաջ Ռոհանիի եղբոր՝ Հոսեյն Ֆերեյդունի ձերբակալությունը դիտում են որպես Ռոհանիի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի նա հրաժարվի ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու իր փորձերից: Խոսքը մասնավորպես Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու Ռոհանիի փորձերի մասին է:
Այս կապակցությամբ նշենք, որ չնայած Իրանի հետ միջուկային գործարքի իրականացումից ՄԱԿ-ում որևէ դժգոհություն չունեն, սակայն 2017 թվականին էական առաջընթաց Արևմուտք-Իրան հարաբերություններում չգրանցվեց: ԱՄՆ-ը պարբերաբար հանդես էր գալիս գործարքը չեղարկելու կոչերով և շարունակում է միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Պատժամիջոցները հիմնականում կապված էին Իրանի հրթիռային ծրագրի հետ, որի ուղղությամբ Թեհրանի գրանցած առաջընթացը (սեպտեմբերին Թեհրանը ներկայացրեց նոր բալիստիկ հրթիռ՝ 2 հազար կմ թռիչքի երկարությամբ և ունակ կրելու միանգամից մի քանի մարտագլխիկ) խիստ բացասական արձագանք էր առաջացնում ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը փորձում է հասնել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ մշակելու լիարժեք արգելքի (ներկայում արգելված է միայն միջուկային մարտագլխիկ կրող հրթիռի մշակումը), իսկ Թեհրանում պատրաստվում են ուժեղացնել իրենց բալիստիկ ծրագիրը: Այս ամենը բնականաբար բացասական ֆոն էր ստեղծում եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման համար: Սակայն պետք է նկատել, որ ամերիկյան վարչակազմի այս քաղաքականությունը դժգոհություններ էր առաջացնում նաև եվրոպական գործընկերների մոտ, ովքեր դեռ բավականին զգուշավորությամբ, սակայն սկսել են զարգացնել տնտեսական հարաբերություններ Իրանի հետ:
Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը, ապա նշենք, որ 2017 թվականին Իրանը բավականին ակտիվ էր տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: Այս ուղղությամբ Իրանի առավել ակտիվանալուն նպաստեց հունիսին երկրի խորհրդարանում, ապա Թեհրանում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Սիրիական հակամարտության կարգավորումն այս տարի ևս Թեհրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր, և այս ուղղությամբ պետք է նկատել, որ Իրանը որոշակի առաջընթաց է գրանցել: Մասնավորապես, Սիրիայում հրադադար հաստատելու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի հետ համագործակցելով` Իրանին հաջողվեց ամրապնդել և ինչ-որ իմաստով նաև օրինականացնել իր ներկայությունը Սիրիայում (հանդիսանում է Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր):
2017 թվականին Իրանին հաջողվեց ամրապնդել հարաբերությունները նաև հարևան Իրաքի հետ շնորհիվ քրդական հարցում Բաղդադին ցուցաբերած աջակցության: Համագործակցությունը Սիրիայում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ մոտեցումներն Իրանին և Թուրքիային թույլ տվեցին այս տարի մոռանալ առկա տարաձայնությունների մասին և համագործակցության եզրեր գտնել: Իրանի և Թուրքիայի միջև համագործակցությունը հատկապես հաջողված էր եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափում:
Տարին հաջողված կարելի է համարել նաև Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափում համագործակցության համար: Տարեվերջին Թեհրանում կայացած Ռոհանի-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև երկրների միջև մաքսային կանաչ միջանցք ստեղծելու մասին, որը կարող է էական ազդեցություն ունենալ երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ տարին բավականին լարված էր Սաուդյան Արաբիա-Իրան, Իսրայել-Իրան հարաբերությունների համար: Իրան-Սաուդյան Արաբիա առճակատումը շարունակվեց ոչ միայն Սիրիայում և Եմենում, այլ նաև դրսևորվեց Լիբանանում՝ այստեղ առաջացնելով քաղաքական ճգնաժամ և Կատարում՝ հանգեցնելով արաբական մի շարք երկրների կողմից Դոհայի մեկուսացման:
Սաուդա-իրանական և իրանա-իսայելական լարվածությունը 2017 թվականին այն աստիճան սուր էր, որ նույնիսկ թշնամական այս երկու երկրները` Սաուդյան Արաբիան և Իսրայելը քայլեր ձեռնարկեցին Իրանի դեմ դաշինք ստեղծելու ուղղությամբ:
Այսպիսով, ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ 2017 թվականը բավականին բարդ, սակայն միևնույն ժամանակ արդյունավետ տարի էր Իրանի համար: