Գերմանական Osmanen Germania բռնցքամարտի ակումբը գումարներ է ստացել թուրք խորհրդարանականի կողմից՝ զենք գնելու, Էրդողանի ընդդիմախոսների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու և հետապնդելու համար։ Այդ մասին են վկայում գերմանական ZDF հեռուստաալիքի Frontal 21 հաղորդման և Stuttgarter Nachrichten օրաթերթի հետաքննության տվյալները, հայտնում է DW-ն։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը,ով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմն է, Osmanen Germania բռնցքամարտի ակումբի թուրք ազգայնականներին ուղիղ կամ միջնորդների միջոցով գումարներ է փոխանցել։
Osmanen Germania-ն, որն իրեն բռնցքամարտի ակումբ և «եղբայրություն» է անվանում, վաղուց գտնվում է Գերմանիայի իշխանության ուշադրության կենտրոնում։ Կազմակերպությունը 20 բաժանմունք և 2500 անդամ ունի ողջ երկրում։
Թուրք խորհրդարանականի վստահված անձանցից մեկը Osmanen Germania-ի նախկին ղեկավար Մեհմեթ Բաղչին է, որը 2016-ից կալանքի տակ է և սպասում է դատավճռին։ Մյուս վստահված անձն ակումբի փոխնախագահ Սելչուկ Շահինն է, ով նույնպես կալանքի տակ է։ Գերմանական ծառայություններն արձանագրել են, թե ինչպես է Քյուլյունքը գումար տվել ակումբի անդամներին։
Ենթադրվում է, որ Քյուլյունքը մեղսակից է նաև 2016թ. Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։