Հայաստանի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) մասնաճյուղ, և արցախցի 10 գիտնական բժիշկներ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դարձել են այս մասնաճյուղի անդամներ, փոխանցում է NEWS.am-ը:
Նրա խոսքով՝ մասնաճյուղի բացումը հնարավոր դարձավ սեպտեմբերի 12-15-ին Երևանում և Ստեփանակերտում միջազգային գիտաժողովի անցկացումից հետո, որին մասնակցել էին նաև Ռուսաստանից գիտնականներ, ովքեր անտեսելով Ադրբեջանի սպառնալիքները, հաճույքով մեկնեցին Արցախ՝ մասնակցելու գիտաժողովին, ինչպես նաև և ծանոթանալու տեղի մասնագետների հետ:
Արցախյան մասնաճյուղի տնօրեն է դարձել Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը: Մասնաճյուղի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ նա նշեց, որ սա, իր կարծիքով, շատ կարևոր նախաձեռնություն է, որը Արցախին թույլ կտա միջազգային մակարդակ դուրս գալ որպես ինքնուրույն միավոր:
ՌԴ ԲՏԳԱ փոխնախագահ Մարլեն Բոստանջյանն իր հերթին նշեց, որ այս մասնագետները կկարողանան մասնակցել Բժշկակտեխնիկական ակադեմիայի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում անցկացվող աշխատանքներին: