Պոլսո Հայոց պատրիարքի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Araratnews-ին:
«Ես փոխանորդ եմ և թուղթ ունեմ կառավարության կողմից»,- ասել է Արամ Աթեշյանը:
Անդրադառնալով իր հասցեին ուղղված մեղադրանքներին Սրբազանն ասել է. «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանն էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի համար է, որ լավ եմ նրանց հետ»,- ասել է սրբազանը:
Արամ Աթեշյանը թվարկել է, թե ինչեր է արել ստամբուլահայ համայնքի համար. «Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել, վերանորոգել եմ տվել, հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ ընդառաջում են թուրքական իշխանությունները»:
Եթե համայնքին է ծառայել Աթեշյանը, ինչո՞ւ դա չգնահատվեց համայնքի կողմից հարցադրմանն Աթեշյանը չհամաձայնեց. «Բոլորը գնահատեցին, բայց որոշ հոգևորականներ չգնահատեցին իմ աշխատանքը»:
Աթեշյանի խոսքով՝ այսօր ստամբուլահայ համայնքը երեք թևի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի տեղապահի, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Աթեշյանի կողմնակիցներ:
Ի վերջո, ե՞րբ կլինեն պատրիարքի նոր ընտրություններ, և կհանդարտվի այս իրավիճակը` Աթեշյանը դժվարացավ պատասխանել: «Պետք է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիայի իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ ընտրել: Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն, և ընտրվի նոր փոխանորդ»,- ասել է Աթեշյանը:
Հարցին, թե ուզո՞ւմ է պատրիարք լինել, Արամ Աթեշյանը հստակ պատասխան չի տվել: