Կատալոնիայի անկախության կողմնակիցները տոնում են ինքնավարության խորհրդարանական ընտրություններում կրած հաղթանակը. անկախության օգտին հանդես եկեղ կուսակցությունները 135 տեղանոց խորհրդարանում ստացել են 70 մանդատ՝ պահպանելով բացարձակ մեծամասնությունն ինքնավարության օրենսդիր մարմնում:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը ստացել է 34 մանդատ, իսկ Մադրիդի բանտում գտնվող Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցությունը՝ 32 մանդատ: «Ազգային միասնության թեկնածուներ» ձախակողմյան կուսակցությունը ստացել է 4 մանդատ:
Այսպիսով, անկախության կողմնակից կուսակցություններն ինքնուրույն կարող են հաստատել կատալոնական կառավարության՝ ժեներալիտետի ղեկավարի թեկնածությունը: Պետք է նշել, որ ընտրություններում առաջատարը «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունն է, որը, ստանալով ձայների 25.3 տոկոսը, խորհրդարանում ստացել է 37 մանդատ. սա այս կուսակցության լավագույն արդյունքն է:
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Կատալոնիայի նախկին ղեկավար Կառելս Պուչդեմոնը Մադրիդից պահանջել է չեղարկել ուղիղ կառավարման վերաբերյալ սահմանադրության 155-րդ հոդվածը: «Եկել է ժամանակը, որ ոչ միայն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, այլև բազմաթիվ այլ մարդիկ ի գիտություն ընդունեն սա… Եվ այսպես, վաղվանից, երբ իրենց աշխատանքը կսկսեն նախարարությունները, 155-րդ հոդվածը պետք է չեղարկվի, բանտարկվածները պետք է ազատվեն, մեզ հարկավոր է հետ վերադառնալ»,- հայտարարել Է Պուչդեմոնը: Նա նաև ընդգծել է Կատալոնիայի «օրինական կառավարության» վերադառնալու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր՝ հոկտեմբերի 1-ին անցկացրած հանրաքվեի արդյունքների համաձայն: Անկախություն հռչակելուց հետո Իսպանիայի Սենատն ուղղակի կառավարում հաստատեց Կատալոնիայի նկատմամբ՝ կիրառելով սահմանադրության 155-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ հայտարարվեց Կատալոնիայի խորհրդարանը ցրելու և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու մասին: Մադրիդի կողմից նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նշենք, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ռեկորդային է եղել՝ 82 տոկոս: Ինչպես հայտնել է Կատալնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ էնրիկ Միլոն, ընտրություններն անցել են նորմալ, առանց որևէ լուրջ միջադեպի:
Նման պայմաններում անկախության կողմնակից կուսակցությունների հաղթանակն արտահերթ ընտրություններում լուրջ ազդանշան է Մադրիդի համար: Ընտրությունների արդյունքներն ինչ-որ տեղ անկախության հանրաքվեի արդյունքների օրինականացում են, և Մադրիդն այլևս չի կարող անտեսել Կատալոնիայի բնակչության կամքը: Սակայն ակնկալել, որ իսպանական իշխանությունները հեշտությամբ կգնան զիջումների, չարժե. Ռախոյը վճռական է տրամադրված թույլ չտալու Կատալոնիայի անկախացումը, իսկ Կատալոնիայի նոր օրինական իշխանությունները հանդես են գալիս անկախանալու օգտին: