Sputnik Արմենիայի «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են Կիլիկյան Հայաստանի մասին` ներկայացնելով հայկական թագավորության հետ կապված երկու անչափ հետաքրքիր իրադարձություն։
Տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչպես 1381 թվականին իսպանացիներին ցնցեց անսպասելի մի լուր` Խոան 1-ին թագավորը երկու քաղաք է նվիրել Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորին։ Պայմանագիրը ենթադրում էր այդ քաղաքները վերադարձնել թագավորի մահից հետո։
Իսպանացիների բախտը բերեց, իսկ անգլիացիներինը` ոչ այնքան։ Կանխատեսելով Կիլիկիո Հայաստանի անկումը` հայոց վերջին թագավորը պետական գանձարանն ի պահ հանձնեց Անգլիայի թագավորին` մինչև այն պահը, երբ Հայաստանը նորից անկախություն ձեռք կբերի։
2001 թվականին պրոֆեսոր Սուրեն Այվազյանը դիմել էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին` հորդորելով Հայաստանին վերադարձնել Կիլիկյան Հայաստանի գանձարանը։
Սակայն անգլիացիներից մինչ այսօր պատասխան դեռ չկա։