Թուրքիան շարունակում է իր թշնամական կեցվածքը հարևանների հետ: Օրերս հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը դրա մասին է վկայում: Այս մասին «Նովոստի –Արմենիա» մամուլի կենտրոնում «Տարածաշրջանային զարգացումները 2017թ-ին» թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Արմեդիա» ՏՎԳ գլխավոր խմբագիր Գրետա Ավետիսյանը:
«Թուրքիան խեղաթյուրում է իրականությունն ու փաստերը: Դեռևս 2009 թվականին, երբ Թուրքիան տապալեց Ցյուրիխյան գործընթացը, միջազգային հանրությունը, մի շարք երկրներ հանդես եկան հայտարարություններով՝ քննադատելով Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրելն ու գործընթացը տապալելը», - նշել է բանախոսը:
Նա նաև հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների համար իմիտացիոն քաղաքականություն վարելու գործիք են եղել, և դա է պատճառը, որ ՀՀ նախագահը ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարեց, որ եթե Թուրքիան այդ արձանագրությունները մինչև 2018թ-ի ապրիլ չվավերացնի, ապա Հայաստանը կհայտարարի դրանք առոչինչ:
«Հայաստանը չի կարող թույլ տալ Թուրքիային գերի վերցնել արձանագրությունները և ծառայեցնել սեփական շահերին միայն», - ասել է Գրետա Ավետիսյանը:
Շարունակելով խոսել հայերի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականության մասին՝ բանախոսը հիշեցրեց Թուրքիայի Մեջլիսի կողմից նոր ներքին կանոնների մասին, ըստ որոնց՝ Հայոց ցեղասպանություն և Քրդստան բառերի օգտագործումը պատգամավորների կողմից արգելվում է:
Բանախոսը նշեց, որ թշնամական քաղաքականություն է վարվում նաև քրդերի նկատմամբ՝ թե´ երկրի ներսում, թե´ երկրից դուրս, հատկապես Սիրայում:
«Քրդերի դեմ իրականացվող պայքարը տեղի է ունենում Էրդողանի իշխանությունը ամրապնդելու համատեքստում: «Սուլթանություն» ստեղծելու համար Էրդողանը ապրիլին սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որից հետո էլ այդ «սուլթանությունն» ամրապնդելու համար սկսեց ակտիվ գործողություններ իրականացնել՝ ձերբակալելով և բռնաճնշումներ իրականացնելով հազարավոր մարդկանց նկատմամբ», - նշել է Գրետա Ավետիսյանը: