Պետությունների առաջին դեմքերը մշտապես գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, և Սուրբ Ծնունդն ու Նոր տարին բացառություն չեն: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է, թե ինչպես են նշում Սուրբ Ծնունդն ու Ամանորը գերտերությունների առաջնորդները:
Այսպես, այս տարի առաջին անգամ Սուրբ Ծնունդը և Ամանորը նախագահի պաշտոնում նշում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը:
ԱՄՆ նախագահն իր տոնական արձակուրդներն, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս որոշել է անցկացնել Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագո հանգստավայրում, որն, ի դեպ, հանդիսանում է Թրամփի սեփականությունը: Սպիտակ տունը չի հրապարակել արձակուրդներին նախագահի պլանները, սակայն ավելի վաղ առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պատմել էր, որ իրենց ընտանիքն ավանդաբար ընթրում է միասին Սուրբ Ծննդի նախորդ օրը և մասնակցում սուրբծննդյան կեսգիշերյան պատարագին: Սուրբ ծննդյան օրը Թրամփի ընտանիքը միասին բացում է Սանտայի նվերները:
Ֆրանսիայի նախագահի սուրբծննդյան արձակուրդների մանրամասները ևս հայտնի չեն. Նիգերից վերադառնալուց հետո նախագահի գրաֆիկն ազատ է: Ֆրանսիական մամուլը ենթադրում է, որ նախագահը պատրաստվում է մի լավ հանգստանալ տոներին. հենց դա է խորհուրդ տվել Մակրոնն իր անձնակազմին՝ ուժ հավաքել գալիք տարվա համար: Միևնույն ժամանակ Մակրոնն իր նախարարներին խնդրել է արձակուրդներն անցկացնել Ֆրանսիայում՝ իսկ ավելի կոնկրետ՝ հեռու չգնալ Փարիզից: Անձամբ Մակրոնը Սուրբ Ծնունդը դիմավորել է երկրի հյուսիսային Տուկե կոմունայում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր տոնական արձակուրդները սովորաբար անցկացնում է շվեյցարական Էնդգադին շրջանում ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ: Իսկ ինչ վերաբերում է սուրբծննդյան ընթրիքին, ապա դատելով տարիների ընթացքում կանցլերի տոնական գնումներից, կարելի է ենթադրել, որ այս տարի ևս համեստ է լինելու. Մերկելը սիրում է կաղամբից պատրաստված կերակուրներ, սպագետի, ապուրներ և կարտոֆիլ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սուրբ Ծնունդն ու Ամանորը շարունակում է նշել երկար տարիներ ձևավորված ավանդույթի համաձայն՝ առավոտյան Մեյը ընտանիքի հետ միասին գնում է եկեղեցի, իսկ հետո հանդիպում ընկերներին: Միացյալ Թագավորության վարչապետը նույնիսկ ինքն է պատրաստում սուրբծննդյան ավանդական ընթրիքը: Միակ նորամուծությունը, որն արել է բրիտանացի վարչապետը՝ հնդկահավի փոխարեն բադ է պատրաստում:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նույնպես բավականին համեստ է նշում տոները: Թագավորական ընտանիքը սուրբծննդյան տոներին մեկնում է Սանդրիգեմի իրենց կալվածք: Տոնական ընթրիքին կարող է մասնակցել առավելագույնը 25 մեծահասակ, ուստի հրավիրվում են միայն ընտանիքի անդամները, չնայած այ տարի բացառություն արվեց, և սուրբծննդյան ընթրիքին հրավիրված է նաև արքայազն Հարիի նշանածը՝ դերասանուհի Մեգան Մարքլը: Թագավորական ընտանիքում ընդունված է, որ հրավիրվածներն ընդհանուր սեղանի համար ինչ-որ բան բերեն՝ օրինակ արքայազն Չարլզը բոլորին հյուրասիրում է իր այգում աճեցված սալորից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորը սովորաբար դիմավորում է ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում: Թեև Ռուսաստանի նախագահն ամանորյա արձակուրդներին շարունակում է աշխատել, սակայն սովորաբար ժամանակ է գտնում այդ օրերին իր սիրելի սպորտաձևերով զբաղվելու համար: