201 7թվականը հարևան Իրանի համար նշանավորվեց բավական կարևոր գործընթացներով թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում: Այս մասին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում «Տարածաշրջանային զարգացումները 2017թ-ին» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: Վերջինիս կարծիքով՝ դրանցից ամենակարևորը մայիսին Իրանում կայացած նախագահական ընտրություններ էին, որոնք կարելի է բնորոշել որպես Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համար վստահության քվե: «Ժամանակին Ռոհանին վերանայման ենթարկեց Արևմուտքի հետ փոխհարաբերությունները, ինչը հնարավոր դարձրեց հասնել միջուկային գործարքի կնքման: Ռոհանիի վերընտրվելը թերևս հաստատում է, որ նրա քաղաքականությունն արդարացված էր»,- նշեց Ն. Մինասյանը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ քաղաքագետի, 2017թ-ը աչքի ընկավ տարածաշրջանում Իրանի ազդեցության էական աճով: «Այս առումով բավական կարևոր էր Իրանի առավել ակտիվ ներգրավվումը ԻՊ դեմ պայքարում, ինչի դրդապատճառ դարձան հունիսին Թեհրանում իրականացված ահաբեկչական ակտերը: Արդեն նոյեմբերին Իրանի նախագահը հայտարարեց, որ Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ գրոհայինների դեմ հաղթանակ են տարել»,- նշեց նա:
Ըստ Ն. Մինասյանի՝ Իրանը բավական ակտիվ ներգրավված էր նաև Իրաքյան Քրդստանի շուրջ զարգացումներում: Հաշվի առնելով քրդերի ինքնորոշման գործընթացում իր համար առկա ռիսկերը՝ Թեհրանն ամեն կերպ աջակցում էր պաշտոնական Բաղդադին, այդ թվում՝ միանալով նաև Իրաքյան Քրդստանի տնտեսական շրջափակմանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ տարվա ընթացքում Իրան-Իսրայել, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում լարվածությունը պահպավել է, եղել են որոշակի սրացումներ, որոնք դրսևովել են երրորդ երկրների տարածքում՝ Կատար, Եմեն և այլն:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ քաղաքագետը նկատեց, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը շատ ավելի բարձր է տնտեսական փոխգործակցության մակարդակից: «Քաղաքական փոխըմբռնման և ջերմ հարաբերությունների մասին էվկայում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը»,- նշեց նա: Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծեց, որ այսօր երկկողմ օրակարգն առավել ուղղված է տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության ծրագրերի միջոցով: