Ռուսաստանի երիտասարդ հավաքականում այս տարի հանդես կգան երեք հայ հոկեյիստներ։ Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլադյանն ու Անդրեյ Ալտիբարմակյանը Ռուսաստանի հավաքականի կազմում պայքարելու են ամերիկյան Բաֆալո քաղաքում դեկտեմբերի 26-ին կայանալիք աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելու համար, հայտնում է Sputnik-Արմենիան:
«Այս հավաքականը բացառիկ է նրանով, որ նրա կազմում երեք հայ խաղացող է լինելու», –ասվում է Հոկեյի Կոնտինենտալ լիգայի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Կոնտինենտալ լիգայի նշանավոր խաղացողներից մեկը` Սամվել Մնացյանը, նշել էր, որ ուրախ է, որ հարձակվողներ Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլադյանն ու Անդրեյ Ալտիբարմակյանը Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի առաջատարներ են դարձել։
«Ադմիրալ» հոկեյի Կոնտինենտալ լիգայի ակումբի պաշտպան Մնացյանի մոտ առանձնակի հպարտություն է առաջացրել այն, որ երիտասարդ մարզիկները կոտրել են կարծրատիպերը` ընտրելով և հաջողության հասնելով մի մարզաձևում, որն այդքան էլ մեծ տարածում չունի հայերի շրջանում:
«Դեռ տասը տարի առաջ ինձ մի տղա ասաց. «Դու հոկեյիստ չես լինի. հայկական ազգանուն ունես»։ Դա հիշում եմ, երբ տեսնում եմ, թե ով է Ռուսաստան-Կանադա խաղերում որոշիչ բուլիտները կատարում», - նշել է հոկեյիստը։