Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն է, որը երկարատև քաղաքական գործընթացի և կատարված մեծ աշխատանքի արդյունք էր: Այդ մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ Աննա Կարապետյանը։
«Հայաստանը մեծ քաղաքական կամք դրսևորեց 2013թ. ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը պահպանելու և նոր համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար»,- ասել է փորձագետը՝ շեշտելով, որ Հայաստանը նաև ցույց է տալիս, որ շահագրգռված է հնարավորինս արագ առաջ մղել գործընթացը: Փորձագետի խոսքերով, այդ մասին է վկայում այն, որ ՀՀ նախագահն արդեն իսկ հրամանագիր է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Բացի այդ, Հայաստանն առաջինն է ԱլԳ երկրներից, որ ստորագրել է ԵՄ հետ Գործողությունների ծրագիրը:
ԵՄ-ն, իր կողմից, նույնպես կամք է ցուցաբերում գործընթացն առաջ մղելու համար: «Այդ մասին է վկայում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում զարգացման ծրագրերի համար հատկացվող գումարը մեծացվելու է 20-25 տոկոսով»,- ասել է Ա.Կարապետյանը: Նշենք, որ 2017-2020թթ. համար հաստատվել էր 160 մլն եվրո աջակցություն:
Փորձագետը նշել է, որ հաջորդ փուլում կարևոր է լինելու համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը թե´ Հայաստանի, թե´ ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից: «Բացի այդ, կարևոր է լինելու ապահովել Համաձայնագրի կատարման թափանցիկությունը, ինչպես նաև դրանից բխող օգուտների տեսանելիությունը քաղաքացիների համար»,- ընդգծել է փորձագետը: Որպես մյուս կարևոր խնդիր նշվել է, ԱլԳ երկրների արհեստական խմբավորումը հաղթահարելու և Ասոցոցման համաձայնագիրը ստորագրած երկրների համար գործող հարթակները Հայաստանի համար նույնպես հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով Ա. Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բավական դրական է ընկալվել նաև ԵԱՏՄ գործընկերների կողմից և կարող է նպաստել թե´ ԵԱՏՄ-ում Հայաստանի դերի ամրապնդմանը, թե´ ԵԱՏՄ-ԵՄ հետագա համագործակցության համար հիմքերի ապահովմանը: