Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդի հետ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ ԱԳՆ-ին:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև անմիջական կապերի խորացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է Երևանի և Կահիրեի միջև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացումը և փոխայցելությունների իրականացումը։
Նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդը բարձր է գնահատել Կահիրեի հայ համայնքի ներդրումը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում։
Դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել նաև Եթովպիայում: Մասնավորապես, նա Ադիս Աբեբայում հանդիպել է Ֆինանսների և տնտեսական համագործակցության պետնախարար Ադմասու Նեբեբեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Դեսպան Մելքոնյանը պետնախարարին ներկայացրել է Հայաստանի ներդրումային և արտահանման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Եթովպիայի միջև տնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Դեսպան Մելքոնյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև Եթովպիայի ԱԳՆ-ում, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ադդիս Աբեբայի նահանգապետարանում, Աֆրիկյան Միության հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։