2018թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնում է Իտալիան, որը պատրաստվում է միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը դարձնել առաջին հերթին իր համար կարևոր «միջերկրական» ուղղությունը, գրում է NEWS.am-ը։
Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանացել է 57 անդամների միաձայն հավանությանը դեռևս 2016 թվականի հուլիսին։ Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ էր նշել «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը և Միջերկրականի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»:
ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթությունները 2018 թվականին կլինեն «լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսեթիային, Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին:
Իտալիայի ԱԳՆ-ն իր աշխատանքն կիրականացնի ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև մարդու իրավունքի հարգում։
Նույն «ակտիվ մոտեցումը» կցուցաբերվի նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»: