Վիրջինիայի համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Լեոն Յակուբյանն իր մի քանի կուրսեցիների հետ միասին փորձում է օգնել 1988թ-ի երկրաշարժից հետո վագոն-տնակներում բնակվող հայ ընտանիքներին: Այս մասին հաղորդում է Վիրջինիա համալսարանի կայքը։
2014թ-ին հոր հետ Գյումրի այցելելուց հետո Յակուբյանը ցնցվել է` տեսնելով ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները:
«Ես ցնցված էի», - ասում է Յակուբյանը, ով 2012-ից ապրում է Հայաստանի մայրաքաղաքում, այն բանից հետո, երբ ընտանիքը փախել է սիրիական քաղաքացիական պատերազմից: «Ես անընդհատ մտածում էի՝ ինչու՞ է իմ բախտն այսպես բերել։ Ինչու՞ եմ ես այստեղ, իսկ նրանք այնտեղ»:
Եվ նա որոշել է ամեն ինչ անել գյումրեցիներին օգնելու համար։ 2014թ-ի աշնանը գործարկել է «Տուֆ-Արմենիա» նախագիծը, որի նպատակն է տուֆից ոչ մեծ տների նախագծումը։
Ըստ նախագծի` 158 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մեկ տան շինարարությունը՝ նախատեսված չորս հոգու համար, կարժենա 7500 դոլար:
Ըստ նրա` տների շինարարության ֆինանսավորումը նախատեսում են ստանալ հայկական սփյուռքի նվիրատվությունների միջոցով։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրում»,- ասում է Յակուբյանը:
Գյումրիում մոտ 7000 մարդ կա, որոնք դեռևս իրենց վրա են կրում երկրաշարժի հետևանքները: Այսօր նախագծի վրա աշխատում է երկու թիմ: Աշխատանքներն առայժմ իրականացվում են մեկ թաղամասի համար:
Տները մաս-մաս կկառուցվեն. կունենան երկու ննջասենյակ, լոգասենյակ և խոհանոց։ Բնակարանի մնացած մասը կնախագծվի ըստ տանտիրոջ հայեցողության։