Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը կարող է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի վրա, քանի որ վերջինս ավելի շատ է հեռացել ժողովրդավարական սկզբունքներից և վերջնականապես վերածվել ավտորիտար պետության, մասնավորապես նշել է «Եվրոպան Թուրքիային չէր ֆինանսավորում այնքան, որքան Անկարան ակնկալում էր: Եվ դա նույնպես չէր կարող չազդել հարաբերությունների վրա», հայտնում է NEWS.am-ը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն Անկարային 20 տարի շարունակ խոստացել է, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, եթե կատարի մի շարք պայմաններ: Սակայն այդ պայմանները ամեն տարի ավելացել էին: «Եվ նույնիսկ այն փաստը, որ Թուրքիան օգնել է միգրանտներին և ճանապարհ բացել դեպի Եվրոպա, դարձել էր կարևոր խնդիր»,- ավելացրել է Ցիգանոկը՝ հիշեցնելով, որ Էրդողանը բավական դաժանորեն ճնշեց ռազմական հեղաշրջման փորձը: Սա, փորձագետի կարծիքով, վերջիվերջո հանգեցրել է Թուրքիայի դանդաղ հեռացմանը ՆԱՏՕ-ից, ինչի վկայությունն է Ս-400 նորագույն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին որոշումը:
Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս մեկ տարի առաջ էր կազմակերպել Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում պահվող իր միջուկային զինամթերքի հեռացումը: Սա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համագործակցության հույս չի կապում:
Անատոլի Ցիգանոկը համոզմունք է հայտնել, որ նման իրավիճակում Թուրքիան հազիվ թե ցանկանա միանալ Եվրամիությանը: Նա ընդգծել է, որ Անկարայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում առաջացած ճեղքերը ժամանակի հետ ավելի կխորանան։