Թուրքմենստանում 2017 թվականի դեկտեմբերի կեսից իշխանությունները կանանց արգելել են ավտոմեքենա վարել: Ինչպես հայտնում է «Альтернативные новости Туркменистана» կայքը, դեկտեմբերին ավտոտեսուչներն ուղղակի նախազգուշացրել են կանանց այս արգելքի մասին, իսկ հունվարից վերցնում են ավտոմեքենա վարող կանանց վարորդական իրավունքները, իսկ փոխադրամիջոցը տեղափոխվում է տուգանային հրապարակ:
«Սկզբում ես որպես կատակ ընկալեցի այս տեղեկությունը, սակայն հետո անձամբ բախվեցի դրան», - ասել է մայրաքաղաք Աշխաբադի բնակչուհիներից մեկը:
Ճանապարհային տեսչությունում կայքի աղբյուրն ասել է, որ դեկտեմբերի 5-ին Թուրքմենստանի ներքին գործերի նախարար Իսգենդեր Մուլիկովը նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայտնել է, որ երկրում ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում կին վարորդների պատճառով կամ նրանց մասնակցությամբ, ինչից հետո նախագահը հրահանգել է նախարարին «շտկել իրավիճակը»: