ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի:
Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետևել զգուշության սովորական միջոցառումների:
Artsakhpress-ի փոխանցմամբ՝ այս կարգի վերաբերյալ գերատեսչության պարզաբանման մեջ նշված է. «Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից և ցանկացած պահի փոփոխվել»:
Վրաստանը նույնպես առաջին կարգում է: Իսկ ահա Ադրբեջանը մտել է երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ողևորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետևել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ:
Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «Ուղևորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ ևս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բացի ահաբեկչության սպառնալիքից, Պետքարտուղարությունը նշում է «կամայական ձերբակալությունների» վտանգը: «Գործող արտակարգ իրավիճակի համաձայն՝ անվտանգության ուժերը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու համար կասկածվողներին ձերբակալում են սուղ կամ գաղտնի ապացույցների և հիմնավորումների հիման վրա, որոնք քաղաքականապես մոտիվացված են թվում: ԱՄՆ քաղաքացիների համար նաև ուղևորությունների արգելք է կիրառվել, որը նրանց թույլ չի տվել Թուրքիայից հեռանալ: Ժողովներին, բողոքներին և ցույցերին մասնակցությունը, որոնց Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն հավանություն չի տալիս, կարող են կալանավորման հանգեցնել: Թուրքիայի կառավարությունը ձերբակալել և արտաքսել է ԱՄՆ քաղաքացիների՝ նրանց փաստաբանին կամ ընտանիքի անդամներին հասանելիություն չտրամադրելով, իսկ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին, որոնք նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն, սովորաբար հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել: