Իրանում իրավիճակը թեև վերջին օրերին կայուն է, սակայն զանգվածային բողոքի ակցիաների վերսկսման հավանականությունը պահպանվում է: Այժմ նախագահ Հասան Ռոհանին փորձում է նոր բյուջեի նախագիծը կազմելիս զերծ մնալ նախատեսված թանկացումներից և սուբսիդավորման կրճատումից, ինչն իրանցիներին ստիպել էր դուրս գալ փողոց: Սակայն, պետք է նկատել, որ Իրանում առկա խնդիրները զուտ սոցիալ-տնտեսական չեն. ինչպես ցույց տվեցին բողոքի ակցիաները, երկրում առկա է ներքաղաքական և համակարգային լուրջ ճգնաժամը:
Նշենք, որ վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում Ռոհանիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հարաբերություններում: Վերջինս այդքան էլ կողմ չէր, որ բերափոխական Ռոհանին, ով փորձում է ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, վերընտրվի նախագահի պաշտոնում: Ընդ որում, նախընտրական արշավում ևս Ռոհանիի քաղաքական հակառակորդները շեշտը դնում էին նրա ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության վրա:
Պետք է նկատել, որ Իրանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները նոր չեն, դրանց արմատները գալիս են ոչ թե Ռոհանիի՝ այլ նրա նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանից, երբ Արևմուտքը տնտեսական լուրջ պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ: Ռոհանի կողմից միջուկային գործարքի կնքման արդյունքում պատժամիջոցների չեղարկումը իրանցիների մոտ ստեղծեցին ակնկալիքներ, որ իրենց սոցիալական դրությունը շատ արագ կբարելավի, սակայն դրանք դեռ չեն արդարանում:
Միևնույն ժամանակ բողոքի ակցիաների ժամանակ հնչած կոչերը վկայում են, որ դժգոհություններն ոչ միայն սոցիալ-տնտեսական բնույթի են` իրանցիները ցանկանում են նաև քաղաքական բարեփոխումներ` մասնավորապես նախագահի և հոգևոր առաջնորդի լիազորությունների վերանայում:
Այսպիսով, Իրանն առաջիկայում ներքաղաքական լուրջ ցնցումներից ապահովագրելու համար առաջիկայում Ռոհանին պետք է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև քաղաքական բնույթի էական բարեփոխումներ կատարի: Սա ենթադրում է, որ առաջիկայում պահպանողականների և բարեփոխականների միջև քաղաքական դիմակայության ավելի սրում: