Ռուսաստանը կաջակցի Իտալիայի ներկայացուցչության ջանքերին Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Ա. Ալֆանոյի հայտարարության, փոխանցում է News.am-ը:
«Մենք ամբողջությամբ կիսում ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերը շարունակելու Ձեր տրամադրվածությունը: Սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի արևելքում հակամարտությանը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու հարցում նախագահության կառուցողական դերի հույս ունենք: Անհրաժեշտ է Շփման խմբի բազմակողմանի աջակցություն որպես հակամարտող կողմերի՝ Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջեւ ուղիղ բանակցությունների առանցքային ձևաչափ: Դոնբասում խաղաղության հաստատման բանալին մինսկյան «Միջոցառումների համալիրի» ամբողջական կատարումն է: Անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցմանը, սպառազինությունների հետքաշմանը և ամբողջ քաղաքական փաթեթի կատարմանը՝ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալ, սահմանադրական բարեփոխումներ, համաներում և տեղական ընտրություններ անցկացնել: Դրանից զատ, նախագահությունը պետք է ապահովի Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքի իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանքը:
Չի կարելի ջանքերը թուլացնել նաև այլ հակամարտությունների ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք Կոսովոյի խնդրի լուծմամբ՝ ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի հիման վրա: Կաջակցենք նախագահության ջանքերին մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը Անդրկովկասում անվտանգության Ժնևյան բանավեճի շրջանակում Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսության հարցում»,- ասել է Լուկաշևիչը: