Հունվարի 23-26-ը Շվեյցարական Դավոսում կանցկացվի արդեն ավանական դարձած ամենամյա ֆորումը, որի ընթացքում 48-րդ անգամ քաղաքական և տնտեսական համաշխարհային էլիտայի ներկայացուցիչները կքննարկեն զարգացման գլոբալ հեռանկարները:
«Կոտրված աշխարհում միասնական ապագայի ստեղծում» խորագիրը կրող հերթական ֆորումը, սպասվում է, որ կունենա առավելապես քաղաքական կշիռ: Մի կողմից դրա մասին հուշում է Ֆորումի պաշտոնական կայքում հրապարկված նպատակադրումները, որտեղ խոսվում է համաշխարհային քաղաքատնտեսական փոխակերպումների, սառը պատերազմների և դրանց հետևանքների մասին: Մյուս կողմից, որքան էլ դրվեն նպատակներ, ֆորումի բովանդակային ընթացքի համար պատասխանատու են մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրն իր բովանդակային օրակարգն է տանում: Այդ իմաստով այս տարվա ֆորումը տարբերվում է նախորդ 18 տարիների համաժողովներից, քանի որ հենց այդքան տարիների ընդմիջումից հետո է ԱՄՆ նախագահը մասնակցելու ֆորումին: Ընդ որում, հայտնի է, որ Թրամփը համաշխարհային մյուս առաջնորդներին պիտի իր քաղաքական դիրքորոշումները ներկայացնի:
Ֆորումի հետ կապված, մեզ համար կարևոր հանգամանք է Հայաստանի մասնակցությունը, որի մասին լուրերն արդեն հաստատվել են վարչապետի մամուլի քարտուղարի կողմից: Հաղորդվում է նաև, որ վարչապետը, հնարավոր է, ելույթ կունենա:
Հունվարի վերջին սպասվող ֆորումից գլոբալ սպասումներն առանձնապես բարձր գնահատելը չափազանցություն կլինի՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական կոնյուկտուրայում առկա անհամաձայնությունների սուր անկյունները: Նույնը, սակայն, չի կարելի է ասել Հայաստանի պարագայում, քանի որ համատեղ քննարկումներից զատ, ֆորումը լայն կապերի և ներդրումային հնարավորությունների հարթակ է: Իսկ ՀՀ-ի կողմից «և՛,և՛»-ի քաղաքականության բարեհաջող իրացման դեպքում, մեր երկիրն ասելիքներ ունի: