ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել միանալ դրամահավաքին` նորօրյա հերոսներից Ալբերտ Դալլաքյանին օգնելու նպատակով:
Վիգեն Սարգսյանն անձամբ ու նրա ընկերներից մի քանիսը որոշ գումար կհատկացնեն Ալբերտ Դալլաքյանի բուժման համար։ Սակայն դա անհրաժեշտ գումարի ընդամենը 10 տոկոսն է։ Այդ պատճառով նա կոչ է անում միանալ դրամահավաքին։
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է»,- գրել է Պաշտպանության նախարարը:
Նախարարի խոսքով` ինքն է խորհուրդ տվել Ալբերտ Դալլաքյանի ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը:
«Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին», - գրել է Սարգսյանը: