«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:
Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:
ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը պատրաստվում է երկրի իշխանության գործադիր մարմնի կողմից օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի համար, որտեղ ուրվագծվում են երկրի առաջ ծառացած հիմնական անվտանգային մարտահրավերները և այն, թե ինչպես է ԱՄՆ վարչակարգը պատրաստվում հասցեագրել դրանք: Այն, ի տարբերություն ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության, որը հրապարակվել է Պենտագոնի կողմից հունվարի 19-ին, ավելի ընդհանրական փաստաթուղթ է:
Փաստաթղթի նպատակն է ԱՄՆ գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչների միջև ստեղծել ընդհանրական պատկերացում ԱՄՆ առջև ծառացած վտանգների վերաբերյալ: Ազգային ռազմավարության պատրաստման կարգը սահմանվում է «Գոլդվոթեր-Նիկոլս պաշտպանության նախարարության վերակազմակերպման ակտ»[1] անվանում ստացած փաստաթղթով (ընդունված 1986թ. հոկտեմբերի 4-ին), որի 104 բաժնի ենթաբաժին “ա” սահմանում է, որ ԱՄՆ նախագահն ամեն տարի պետք է Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, Նախագահի կողմից Կոնգրեսին տրվող ամենամյա բյուջեի հետ միասին:
Օրենքով սահմանված՝ ԱՄՆ ռազմավարությունը պետք է ներառի.
Հետաքրքական է նկատել, որ թեպետ վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ԱՄՆ նախագահը պետք է ամեն տարի Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության իր ռազմավարությունն, օրենքի ընդունումից հետո ԱՄՆ նախագահները հիմնականում հավատարիմ չեն մնացել այդ պահանջին՝ ուշացնելով կամ ընդհանրապես չներկայացնելով իրենց ռազմավարությունները:
Օրենքի ընդունումից հետո սահմանված կարգին հավատարիմ է մնացել ԱՄՆ նախագահ Ռեյգանը (1981-1989), ով ներկայացրել է իր ռազմավարությունը 1987 և 88 թթ.: Նրանից հետո 1889 թ. Ջորջ Հ. Ու. Բուշն (1989-1993) առաջին անգամ խախտել է օրենքում սահմանված կարգը՝ չներկայացնելով այդ տարվա իր ռազմավարությունը: Իր պաշտոնավարման ժամկետում Բուշ ավագն օրենքը խախտել է նաև 1992 թվականին: Նրան հաջորդած Բիլ Քլինթոնը (1993-2001) հիմնականում պահպանել է օրենքը` ռազմավարություն չներկայացնելով միայն 1999թ.: Բուշ կրտսերն (2001-2009) իր պաշտոնավարման ողջ ընթացքում ռազմավարություն է ներկայացրել միայն երկու անգամ 2002թ և 2006թ: Բարաք Օբաման (2009-2017) նույնպես ռազմավարություն է ներակայացրել միայն երկու անգամ 2010 և 2015 թթ:[2] ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց իր առաջին ազգային անվտանգության ռազմավարությունը 2017թ. դեկտեմբերի 18-ին:
ԱՄՆ վերջին երկու նախագահների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի կողմից ներկայացրած ռազմավարությունների համեմատությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստորև շարքի մյուս նյութերը.
Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները
ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)
[1] Նշենք, որ «Գոլդվոթեր-Նիկոլս պաշտպանության նախարարության վերակազմակերպման ակտ»-ն ընդունվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից և նպատակ էր հետապնդում իրականացնել մի շարք բարեփոխումներ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում՝ փորձելով կարգավորել ռազմական ուժերի տարբեր թևերի միջև առկա մրցակցությունը: