Էստոնիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայկական կողմից հայտարարություններ են հնչել, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կվավերացնի մարտին:
Իսկ ինչով է կարևոր համաձայնագրի վավերացումն ու որքա՞ն կարող է տևել այդ գործընթացը:
Որպեսզի համաձայնագիրը լիովին մտնի ուժի մեջ և բոլոր կողմերը սկսեն կատարել իրենց պարտավորությունները, համաձայնագիրը պետք է վավերացված լինի թե՛ Հայաստանի, թե՚ ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարանների, թե՛ Եվրախորհրդարանի կողմից: Մինչ այդ՝ նախքան վերջնական վավերացումը (բայց Հայաստանի կողմից վավերացումից հետո), ուժի մեջ կմտնեն որոշ անցումային դրույթներ:
Էստոնիայի կողմից վավերացումը պաշտոնապես ազդարարեց գործընթացի մեկնարկը և ազդակ կհանդիսանա ԵՄ անդամ մյուս երկրների համար՝ առաջ մղելու գործընթացը: Այս առումով, վավերացման արագությունն ինչպես քաղաքական, այնպես էլ պրակտիկ նշանակություն ունի: Քաղաքական առումով արագ վավերացումը պայմանագրի կարևորման ցուցիչ է՝ ընդգծող, որ կողմերը կարևորում են համագործակցության խորացումն ու պատրաստ են իրենցից կախվածն անել՝ ՀՀ-ԵՄ կապերը զարգացնելու համար: Մյուս կողմից, արագ վավերացումն անհրաժեշտ է համաձայնագիրը լիարժեք կյանքի կոչելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար դրա արդյունքները հասանելի դարձնելու տեսանկյունից:
Դրա հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ դա բավական երկար ու բարդ գործընթաց է, որը շաղկապված է լինելու այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի ներքաղաքական օրակարգին ու գործընթացներին: Բացի այդ, գործընթացի արագությունը կախված է նաև ԵՄ անդամ երկրների քաղաքական դիրքորոշումից: Բավական է նշել, որ ԵՄ համար քաղաքական այդքան մեծ կարևորություն ստացած և միաժամանակ աշխարհաքաղաքական հակասությունների պատճառ դարձած Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի լիարժեք վավերացումը տևեց մոտ երեք տարի, իսկ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որն ավելի քիչ «քաղաքականացված» էր ՝ մեկ տարուց մի քիչ ավել:
Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը քաղաքական լուրջ հակազդեցության հազիվ թե հանդիպի, ուստի հետևողական աշխատանքի պարագայում կարելի է հասնել արագ վավերացման: Իսկ դրա համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր մակարդակներով՝ մամուլից մինչև խորհրդարանական դիվանագիտություն և բարձր մակարդակի հանդիպումներ, եվրոպական երկրների օրակարգում արդիական դարձնել համաձայնագրի վավերացումն ու խթանել գործընթացը, այդ թվում՝ հայկական համայնքների աջակցությամբ: