Արցախի գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Տիգրան Ծատրյանը հայտնել է, որ ընթացիկ տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների շուրջ 870 հեկտար հողատարածքների ոռոգման համար շուտով մեկնարկելու է 37 խորքային հորերի կառուցման ծրագիրը, հայտնում է «Արցախպրես»-ը:
«Ծրագիրը հիմնականում կիրականացվի նախկինում հողերի սեփականաշնորհման ժամանակ բնակիչների կողմից ձեռքբերված այգիներում, որից կօգտվեն շուրջ 850 հողօգտագործողներ: Ինչ վերաբերվում է Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների ընտրությանը, ասեմ, որ այն պատահական չի եղել, քանի որ նախապես կատարված ուսումնասիրությունների համաձայն այդ շրջաններում վերգետնյա ջրային ռեսուրսները քիչ են»,- ասել է փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատկացված միջոցներից՝ 2018 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության նախարարությունը ևս նախատեսել է գումարներ նոր ոռոգման համակարգերի և խորքային հորերի կառուցման, ինչպես նաև ջրանցքների և ջրամբարների սպասարկման համար, որի արդյունքում կավելանան ոռոգովի տարածքները: