ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, փոխանցում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և անվտանգության ոլորտներում:
Վահրամ Բաղդասարյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ և արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու համար:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումն այս հարցում:
Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են կայուն, երկարաժամկետ և ռազմավարական բնույթ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում դեսպանը վերահաստատել է, որ Իրանը խաղաղության և կայունության պահպանման կողմնակից է:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ նախորդ տարվա վերջին Իրան կատարած այցի մանրամասներին և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկվել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպմանը, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին առնչվող հարցեր: Դրական գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում և դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա: