Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների շարքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը, փոխանցում է Ermenihaber-ը:
Վերջինիս խոսքով՝ Թուրքիան վճռել է նվազեցնել ԵԽ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դուրս գալով Եվորպական խորհրդի «մեծ ֆինանսավորողների» ցուցակից։ 2016թ․ հունվարի մեկից հետո Թուրքիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ համարվում է ԵԽ բյուջեում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը։
ԵԽ-ի 2017թ․ բյուջեն կազմել է 455 միլիոն եվրո, որից 33․8 միլիոնը Թուրքիայի ներդրումն է։ Թուրքիան, սակայն, պատրաստվում է այսուհետ իր ներդրումների ծավալը հասցնել 13-14 մլն եվրոյի։
Նախատեսվում է, որ ԵԽ-ում Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը ևս կնվազի։ Նախկինում, երբ Թուրքիան ավելացրել էր ԵԽ բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դառնալով 6 ամենախոշոր ներդրողներից մեկը, թուրքական պատվիրակության անդամների թիվը 12-ից հասվել էր 18-ի։ Ներկայումս հնարավոր է, որ այդ թիվը կրկին իջեցվի մինչև 12։
Ներդրումների ծավալը նվազեցնելու վերաբերյալ Անկարայի որոշումից հետո ԵԽ-ում քննարկվում է թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը։ Այս նպատակով պատրաստվող զեկույցը քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Աղբյուրի համաձայն՝ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով հավանականությունը մեծ է, որ նախագիծ կհաստատվի։