Հայաստանի Հանրապետության զինված ուժերն միջազգային խաղաղապահ առաքելությամբ սկսել են հանդես գալ դեռևս 2004 թվականի փետրվարից: Ըստ ՊՆ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկության` հենց այդ ժամանակ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` իրականացնելու խաղաղապահ առաքելություն հունական ստորաբաժանման կազմում: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ այդ նպատակով մեկնում են Կոսովո: Նշենք, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը կապված է Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների հետ երկկողմ համագործակցության հետ, բացի այդ երբեմն իրականացվում են այնպիսի բազմակողմ ծրագրեր, որոնք չեն հակասում ՌԴ հետ ռազմավարական համագործակցությանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
2005 թվականի հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը լեհական ստորաբաժանման կազմում միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը: Իրաքում մեր խաղաղապահ ուժերը հիմնականում մասնակցել են ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: Իրաքից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել 2009 թվականի նոյեմբերին:
2010 թվականի փետրվարից ի վեր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Նշենք, որ նախքան Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցել Գերմանիայում։ 2010 թվականից մինչ օրս հայ խաղաղապահները ծառայում են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահ: Ներկայումs Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում գտնվում է 120 հայ խաղաղապահ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):
Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014 թվականի դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ է դրվել Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:
Նշենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում ձեռք բերված փորձը Հայաստանն օգտագործում է նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում: Դեռևս 2015 թվականին տեղի ունեցած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության նիստում, ներկայացնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը, հիշեցնում է ՌԱԶՄ.info-ն: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել նաև կիսվել տարբեր օպերացիաներին հայ խաղաղապահների մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:
Բացի վերոնշյալը, հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:
Վերջում հավելենք, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանում հանդիսանում է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնը, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքներ և վերապատրաստում: Նշենք, որ ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապագայում այն ավելի է զարգանալու՝ հավելելով, որ քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը: