Տարեսկզբի թերևս ամենամեծ տնտեսական իրադարձությանը՝ Դավոսի ֆորումին ընդառաջ, այդ ֆորումի փորձագետները հանդես են եկել ամենամյա զեկույցով: Ստորև ներկայացնենք զեկույցում տեղ գտած թերևս ամենաուշագրավ շեշտադրումներին:
Չնայած զեկույցում գլոբալ տնտեսական վիճակը գնահատվել է ընդհանուր առմամբ դրական՝ Դավոսի տնտեսական ֆորումի փորձագետները մատնանշել են գլոբալ շուկայում առկա թույլ արտադրողականությունն ու ներդրումների շուկայում նկատվող պասիվությունը: Հաջորդիվ զեկույցում տարանջատվել են համաշխարհային տնտեսությունում առկա ծանոթ ու անծանոթ ռիսկերը, որոնք ուղղակի ազդեցություն ունեն արտադրողականության ու ներդրումների շուկայի վրա:
Ֆինանսական շուկաներում առկա բարձր ռիսկայնությամբ սպեկուլյատիվ գործարքներ, շարունակ աճող պարտավորություններ, կենտրոնական բանկերի կողմից ֆինանսական շուկաների կարգավորիչ ֆունկցիայի թուլացում և ի վերջո տեղեկատվական տեխնոլոգիաներից չափազանցված սպասումներ. սրանք են այն հիմնական ռիսկերը, որոնք տեղ են գտել զեկույցում:
Եթե փորձենք վերլուծել համաշխարհային տնտեսությանը «դավոսյան հայացքը», ելնելով վերոնշյալ ռիսկերից, գուցե ոչ շատ ընդգծված, բայց բավական հետաքրքիր կապ կարելի տեսնել սպասվող ֆորումին այս տարի մասնակիցների մեծ թվի և ներկայիս իրավիճակի միջև:
Ֆինանսական շուկաների ռիսկերը, ԿԲ-ների սահմանափակ հնարավորություններն ու սպեկուլյացիաների շատացումը հիշեցնում են 2008թ.-ից սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդող ժամանակաշրջանը: Շուկաներն այդպիսով ֆինանսական փուչիկների առաջացման վտանգի ներքո են, ինչն անշուշտ գլոբալ խաղացողները գիտակցում են: Սա, իր հերթին խանգարում է երկարատև պլանավորումներին, ինչպես նաև նպաստում է ներդրումների կրճատմանը՝ նպաստելով ներդրումային գլոբալ միջավայրի սառեցմանն ու հարված հասցնում արտադրողականությանը: Միևնույն ժամանակ, շուկան շարունակում է «ինքնաբուժումը»՝ զարգացման նոր հնարավորություններ փնտրելով: Այստեղ «խաղադրույքներն» իր վրա է վերցնում տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան, որտեղից էլ առաջանում են այս ոլորտում չափազանցված սպասումները:
Ստեղծված իրավիճակը պահանջում է բազմակողմանի վերլուծություններ ու նոր հայացքներ, իսկ դրա համար ավելի լավ հարթակ, քան Դավոսն է, երևի թե առայժմ չկա և այս տարի էլ Դավոսի ֆորումին կլինեն բավականին ասելիքներ: