«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում կառուցվելու է մարզամշակութային համալիր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսին այս մասին ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և նշել, որ շինաշխատանքներն արդեն գտնվում են նախագծային փուլում:
«Նախատեսված է համալիրում ունենալ 100 տեղանոց գերժամանակակից կինոթատրոն, նաև բաց կինոթատրոն: Բարերարի հավաստմամբ՝ Մոսկվայում ցուցադրվող ցանկացած ֆիլմ հնարավորություն է լինելու նաև ցուցադրել այդ կինոթատրոնում: Այսինքն՝ կինոթատրոնը միացվելու է համաշխարհային կինոթատրոնների ցանցին: Կենտրոնում լինելու է ունիվերսալ դահլիճ՝ համերգներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար, գրադարան, ինչպես նաև ազատ տարածքներ՝ այլ միջոցառումների անցկացման համար, սրճարան, ավտոկայանատեղիներ: 3500 քառ./մ տարածք ունեցող նորակառույցի տարածքը լինելու է բարեկարգված և կանաչապատ: Այն լինելու է մեր երիտասարդների համար հանգստի ու ժամանցի յուրօրինակ ու հետաքրքիր վայր»,-մանրամասնել է նախարարը և ավելացրել, որ կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշը 3 տարուց: