«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:
Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:
Օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից հրատարակվեց 2018 թվականի ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարությունը: Ռազմավարության հրապարակումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության Twitter-յան էջում գրառում կատարվեց, որտեղ նշվում է, որ սա վերջին տասը տարիների ընթացքում հրապարակված առաջին, ամբողջովին նոր ռազմավարությունն է (այդ ընթացքում ներկայացված ռազմավարություններն ուղղակի թարմացվել են): Համաձայն ԱՄՆ նոր ռազմավարության՝ այսուհետ ազգային անվտանգության առաջնային թիրախը լինելու է գերտերությունների միջև մրցակցությունը և ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը:
Ստորև փորձենք համեմատել ԱՄՆ վերջին երկու 2018 և 2015 թվականներին հրատարակված ռազմական ռազմավարությունները՝ դուրս բերելով հիմնական տարբերությունները:
2015թ. ռազմավարությունը սահմանում է հետևյալ նպատակները.
2018թ. ռազմավարությունը սահմանում է հետևյալ նպատակները.
Երկու ռազմավարությունների պարագայում էլ Եվրոպայի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում դիտարկվում է ՆԱՏՕ շրջանակներում: Հետաքրքրական է նկատել, որ 2015 թ. ռազմավարության մեջ այս համատեքստում խոսվում է «Ռուսաստանի ագրեսիայի» մասին, մինչդեռ 2018թ. փաստաթղթում «ագրեսիա» բառի փոխարեն օգտագործվել է «արկածախնդրություն» բառը: 2018թ. ռազմավարության մեջ հատուկ շեշտվում է եվրոպական դաշնակիցներից ԱՄՆ ունեցած ակնկալիքը՝ մեծացնելու իրենց ռազմական և ռազմական տեխնիկայի մոդերնիզացմանն ուղղված ծախսերը:
2018թ. փաստաթղթում Ռուսաստանի և Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունը դիտարկվում է որպես հիմնական գերակայություն, որն ըստ փաստաթղթի՝ պահանջում է ավել մեծ և կայուն ներդրում՝ հաշվի առնելով այն վտանգի մեծությունը, որ դա ներկայացնում է այսօր ԱՄՆ անվտանգության համար և ապագայում դրա աճող ներուժը: Հետաքրքրական է նկատել, որ նույն ռազմավարության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ առավել երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն ակնկալում է Չինաստանի հետ հաստատել ռազմական հարաբերություններ, որոնք կբացառեն ագրեսիան և հիմնված կլինի թափանցիկության վրա:
Ի տարբերություն 2018թ. փաստաթղթի՝ 2015թ. փաստաթուղթում նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Չինաստանի աճին և խրախուսում է, որ վերջինս միջազգային անվտանգության ապոհվման հարցում դառնա ԱՄՆ դաշնակիցը:
Ռուսաստանի վերաբերյալ 2015թ. փաստաթուղթը նշում է, որ թեպետ ՌԴ-ն իր ներդրումն է ունեցել մի շարք հարցերում, ինչպես օրինակ թմրանյութերի և ահաբեկչության դեմ պայքարում, այն իր գործողություններով պարբերաբար ցույց է տալիս, որ չի հարգում իր հարևանների սուվերենությունը և պատրաստակամ է ուժ գործադրել իր նպատակներին հասնելու համար:
2015թ. փաստաթուղթն ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության համատեքստում շեշտում է ԱՄՆ պատրաստակամությունն օգնել իր դաշնակիցներին՝ մեծացնելու ռազմական ծախսերը: Մինչդեռ 2018թ. փաստաթուղթը շեշտում է տարածաշրջանում որևէ ուժի գերիշխանության անթույլատրելիությունը, որը թշնամաբար կվերաբերի ԱՄՆ-ին: Միևնույն ժամանակ փաստաթուղթը ընդգծում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որը կնպաստի կայուն էներգետիկ շուկայի և ապահով առևտրային ճանապարհների գործելուն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015թ. փաստաթուղթը պատրաստվել և հրատարակվել է հունիսին, Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից առաջ, փաստաթղթում առկա է Իրանին սուր անդրադարձ՝ նշելով, որ այն ռազմավարական մարտահրավերներ է ներկայացնում միջազգային հանրության համար և պետական մակարդակով աջակցում է ահաբեկչությանը: 2018թ. փաստաթուղթը նույնպես շեշտում է, որ Իրանը տարածաշրջանում ապակայունացնող ազդեցություն է ունենում՝ ձգտելով ստեղծել միջուկային զենք կամ ֆինանսավորելով ահաբեկիչներին:
Եթե փորձենք ընդհանրացնել, ապա կարող ենք փաստել, որ դիտարկվող երկու ռազմավարություններն իրարից տարբերվում են նախևառաջ ԱՄՆ համար առաջնային համարվող մարտահրավերի փոփոխությամբ: Եթե նախկինում առաջնային մարտահրավեր էր համարվում ահաբեկչությունը, ապա այսօր ԱՄՆ-ն որպես իր առաջանային մարտահրավեր դիտարկում է միջպետական ռազմավարական մրցակցությունը, որի համատեքստում մասնավորապես խոսվում է Չինաստանի փորձերի մասին «գիշատիչ տնտեսության» միջոցով վախեցնել իր հարևաններին, ինչպես նաև Ռուսաստանի ձեռք բերած «վետո իրավունքի» մասին, որը նրան թույլ է տալիս ազդել իր հարևանների տնտեսական, դիվանագիտական, անվտանգային որոշումների վրա:
Որպես մրցունակ լինելու գործիք՝ ներկայացված ռազմավարությունը դիտարկում է նորարարական, ոչ անվանդական մոտեցումների որդեգրումը, ինչպես նաև այլ պետությունների հետ միջգերատեսչական համագործակցության խորացումը (մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտի, Արդարադատության, ֆինանսների նախարարություններ, USAID և այլն), որը թույլ կտա պաշտպանել ԱՄՆ շահերը և դիմագրավել ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների դեմ իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը:
Ստորև շարքի մյուս նյութերը.
ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)
Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները
ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)