«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միությունը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին հայտնել է միության ղեկավար Սաիդա Օհանյանը:
Ինչպես հայտնում է PanArmenian-ը՝ կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:
«Այսօր Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ: Եվ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:
Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: