Հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացավ Համաշխարհային տնտեսական 48-րդ ֆորումը: Ֆորումին մասնակցում են քաղաքական և տնտեսական համաշխարհային էլիտայի ներկայացուցիչներ՝ տարբեր մակարդակներում: «Դավոսի» այս տարվա խորագիրն էր «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում»:
«Դավոսի» ֆորումին մասնակցում էր նաև Հայաստանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Բուն ֆորումի աշխատանքներին մասնակցելուց բացի՝ վարչապետը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ, որոնց նպատակը գործարար կապերի հաստատումն և ներդրումային հնարավորությունների զարգացումն էին:
Բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար շրջանակների և միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետը կոչ է արել՝ գալ Հայաստան ու ներդրումներ անել երկրում՝ նշելով, որ Հայաստանը դրա համար արժանի վայր է. այստեղ բարելավվում են բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Վարչապետն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնցում կարելի է ներդրում անել. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Նա ընդգծել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի հետ մեր երկրի ունեցած հնարավորությունները՝ հավելելով նաև ԵՄ-ի հետ վերջերս ստորագրված համաձայնագրի ստեղծած նոր հնարավորությունները՝ ի դեմս ԵՄ-ում հետզհետե մրցունակ դարձող հայկական ապրանքների:
Վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև Շվեյցարիայի նախագահի, Ազգային խորհրդի նախագահի, Սինգապուրի փոխվարչապետի, Իրաքյան Քուրդիստանի, Լիբանանի, Էստոնիայի վարչապետների հետ: Քննարկման հիմնական թեմաները եղել են երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացման հեռանկարները, համագործակցության խորացման հնարավորությունները:
Այսպիսով, վարչապետը պետությունների և խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության իրենց հեռանկարները՝ շեշտադրվելով հատկապես Հայաստանի ընձեռած հնարավորությունները:
«Դավոսի» ֆորումը ստեղծվել է 1971թ.: Համաշխարհային տնտեսական ֆորումի անդամ են աշխարհի ավելի քան 1000 խոշոր ընկերություններ և կազմակերպություններ: Ամենամյա ֆորումին հրավիրվում են քաղաքական առաջնորդներ, հայտնի գործարարներ, մտավորականներ, լրագրողներ: Քննարկման հիմնական թեմաների օրակարգը ձևավորվում է՝ հաշվի առնելով ամենասուր համաշխարհային խնդիրները՝ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, առողջապահական, շրջական միջավայրի, նույնիսկ՝ քաղաքական: