ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ամփոփել է 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները:
Պետք է նշել, որ դրանք բավական խոստումնալից են, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, ընդ որում, որոշ ոլորտներում աճի նման տեմպեր չեն եղել մի քանի տարիների կտրվածքով:
Այսպես, նախարարության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճ է գրանցել 7.7 %-ով, ինչն ամենաբարձրն է՝ սկսած 2011թ.-ից: Պետք է նշել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ըստ էության երկրի տնտեսական վիճակի մասին ամփոփ գնահատական է, պայմանավորվել է ողջ տարվա ընթացքում մի քանի ոլորտներում գրանցված անընդմեջ աճով:
Մասնավորապես դրանց թվում են արդյունաբերությունը, ծառայությունների, ներքին ու արտաքին առևտրի ոլորտները: Արդյունաբերությունը, նախարարության տվյալների համաձայն, նախորդ տարի աճել է 12,6%-ով: Պետք է նշել, որ դա 2016-ի համեմատ գրեթե կրկնակի ավել է (2016-ին այն կազմել է 6,9%), ինչը խոսում է իրավիճակի կտրուկ բարելավման մասին: Նախորդ ժամանակաշրջանի համեմատ կրկնակի աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում՝ 2017-ին կազմելով 14.4% (2016-ին ցուցանիշը կազմել է 7,2%):
Տրված պատկերի հետ պատճառահետևանքային կապի մեջ է ներքին առևտրաշրջանառությունը: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 14% այն դեպքում, երբ 2016-ին ներքին առևտրաշրջանառության աճը կազմել է ընդամենը 1,1%: Հարկ է ընդգծել, որ ներքին առևտրաշրջանառության աճը փաստում է տնտեսությունում համախառն աշխուժության մասին:
Մակրոտնտեսական ցուցանիշների թվում աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում ինչն ուղղակի կապ ունի բնակչության բարեկեցության մակարդակի հետ:
Բավական խոստումնալից է արտաքին առևտրաշրջանառությունում արտահանման աճը՝ 25,2%: Սույն ցուցանիշի դրական միտումը պահպանելու հնարավորություններն այս տարի ավելի շատ են՝ ի դեմս Իրանի հետ ԱՏԳ-ների գործարկման, ԵԱՏՄ շուկայի կարողությունների ավելի լայն կիրառման և ՀՀ-ԵՄ նոր համաձայանագրի իմպլեմենտացիայի: