Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած «ՖԻՏՈՒՐ-2018» միջազգային զբոսաշրջային 38-րդ ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի զբոսաշրջային հնարավորությունները: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը՝ հղվելով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը:
Գերատեսչության պատվիրակությունն Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքը ներկայացրել է Հայաստանի հետ միասնական տաղավարում: Ցուցահանդեսի ընթացքում մեծ թվով այցելուների մասնակցությամբ կազմակերպվել է նաև արցախյան գինու համտես, որի ընթացքում Արցախի պատվիրակության կողմից ներկայացվել են արցախյան գինեգործության ավանդույթները:
Նշենք, որ «ՖԻՏՈՒՐ-2018»-ը Եվրոպայում կազմակերպվող նմանատիպ ցուցահանդեսներից խոշորագույնների շարքում է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 10 հազար ընկերություն 165 երկրներից, իսկ այցելուների թիվը կազմել է մոտ 140 հազար, ինչը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ: