Zangi ընկերությունն այս տարի mobile ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին՝ Mobile World Congress-ին կմասնակցի առանձին տաղավարով, հայտնում է NEWS.am-ը:
Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ին միակն է, որ մասնակցելու է որպես ցուցադրող, նմանատիպ մեծամասշտաբ և համաշխարհային հեղինակություն վայելող միջոցառմանը։
Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցելու է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետևյալ խոշոր և հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio և այլն։
«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարևորագույն իրադարձությունն է և այն կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել: Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք և դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը: