2017 թվականի վերջին Իրաքի և Սիրիայի իշխանությունները հայտարարեցին իրենց տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտի մասին: Սակայն, պետք է նկատել, որ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում գործ ունենք ԻՊ ռազմական պարտության, սակայն ոչ լիարժեք ոչնչացման հետ: Այնտեղ դեռևա առկա են ԻՊ զինյալներ, որոնք ակտիվորեն շարունակում են իրենց ահաբեկչական գործունեությունը՝ հաճախ ընտրելով պայքարի պարտիզանական ձևերը: ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացրած տվյալների համաձայն՝ այժմ Իրաքում և Սիրիայում հաշվվում է շուրջ 1000 գրոհային, այն դեպքում, երբ նախորդ տարի նրանց թիվը հասնում էր 35 հազար:
Շատ զինյալներ ուղղակի «լուծվել» են տեղի խաղաղ բնակչություն մեջ՝ ստեղծելով «քնած» բջիջներ, որոնք սպասում են գործողության անցնելու համապատասխան հրահանգների: Ընդ որում, «քնած» բջիջներ ստեղծվում են ոչ միայն տեղերում. գրոհայինները վերադառնում են իրենց հայրենի երկրներ, որպես փախստականներ մեկնում են Եվրոպա՝ հետագայում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով:
Միևնույն ժամանակ Սիրիայից և Իրաքից այլ երկրներ տեղափոխվում են նաև ԻՊ ակտիվ խմբերը: Ահաբեկիչների ակտիվ խմբերը, մասնավորապես, ընտրում են այնպիսի երկրներ, որտեղ քաղաքացիական պատերազմ է կամ բացակայում է պետականությունը: Նման քաոսային իրավիճակում ԻՊ գրոհայինները հիմնականում լուրջ հակազդեցություն չեն ստանում:
Դեռևս 2016 թվականից խոսակցություններ են շրջանառվում, որ ԻՊ-ն իր համար նոր հարթակ է ապահովում Լիբիայում, այնտեղ իրավիճակի գնահատման համար նույնիսկ ԻՊ ականավոր հրամանատարեր էին ժամանել: ԻՊ դեռ 2015 թվականին «վիլայեթներ» էր ստեղծել Լիբիայի արևելյան (Բարկա վիլայեթ) և կենտրոնական (Տրիպոլիի վիլայեթ) մասերում։ Լիբիայով նման հետաքրքրվածությունը պայմանավորված է Մուամմար Քադաֆիի սպանությունից հետո երկրում առկա իսկական քաոսով, Լիբիան միմյանց հետ մրցակցող երկու տարբեր կառավարությունների առկայությամբ: Նման պայմաններում բավականին հեշտանում է ինչպես ահաբեկիչների ներթափանցումը, այնպես էլ գործունեության ծավալումը: Աֆրիկյան հրամանատարությունը հայտնում է Լիբիայում ԻՊ 500 գրոհայինների մասին, սակայն տարբեր, ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է մինչև 8 հազարի:
Նման մյուս ուղղությունը ԻՊ համար Աֆղանստանն է: Լրատվամիջոցների ամերիկյան ինստիտուտի տնօրինության տակ հայտնված «Իսլամական խալիֆայության՝ Մարգարեի խալիֆայության կարճ պատմությունը» վերնագրով 32 էջանոց փաստաթղթում նշվում է, որ ԻՊ-ն մտադիր է Աֆղանստանի և Պակիստանի իսլամիստներին միավորել մեկ բանակում՝ բաց պատերազմի համար, որը մեկնարկելու է 2017 թվականին: Նշենք, որ ԻՊ-ն դեռ 2015 թվականից այստեղ ունի իր զինյալները, որոնց այժմ միանում են Իրաքի և Սիրիայի գրոհայինները: Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ Աֆղանստանում նկատվում է «Թալիբան»-ի գրոհայինների արտահոսք դեպի ԻՊ:
Իրաքում և Սիրիայում ռազմական պարտությունից հետո գրոհայինների ակտիվ խմբերը տեղափոխվում են նաև Եմեն, որտեղ երկրի հարավում կռվում են հութիների դեմ (300-500 գրոհային), Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Սինայ: Նշենք, որ դեռ 2015 թվականին ԻՊ Ֆիլիպինների մի քանի կղզիներում և Սինայում վիլայթ էր հռչակել, ինչը խոսում է այդտեղ առկա աջակիցների մասին:
Այսպիսով, «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությունը թևակոխում է նոր փուլ՝ էլ ավելի մեծ սպառնալիքներ՝ ստեղծելով միջազգային անվտանգության համար: