Օրերս Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցավ «Ընտրողների գործադուլ» ակցիա: Գործադուլի կազմակերպիչը հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին էր: Վերջինիս ծրագրի համաձայն՝ այսուհետ իր բոլոր նախընտրական գրասենյակները կդառնան «գործադուլի շտաբներ»: Ակտիվիստները քարոզչական գործունեություն կծավալեն ընդդեմ առաջիկա ընտրությունների:
Նման քայլի Նավալնին գնաց այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվել է նրան ՌԴ նախագահական ընտրություններում գրանցել որպես թեկնածու:
Հանձնաժողովն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Նավալնին դեռևս անցնում է քրեական գործով:
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «ընտրողների գործադուլին» աջակցողների ակցիաների ընթացքում ողջ Ռուսաստանի տարածքում տարբեր տվյալներով 250-350 մարդ է ձերբակալվել:
Իրավապաշտպանների տվյալներով՝ ամենից շատ ձերբակալվածներ կան Ուֆայում և Մուրմանսկում՝ մոտ 40 մարդ: Մոսկվայում ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Ձերբակալություններ են եղել նաև Տուլայում, Կեմերովոյում, Տոմսկում, Սանկտ Պետերբուգում և այլ քաղաքներում:
Նավալնիի շատ կողմնակիցներ համարում են, որ հեռուսաաստղ Սոբչակի քարոզարշավը Կրեմլի դավադրության մաս է կազմում` քվեարկություն օրինականացնելու համար:
Նշենք, որ Քսենիա Սոբչակը, ով իրեն ներկայացնում է որպես առաջադրված իրական միակ ընդդիմադիր թեկնածուն, կոչ է անում Պուտինի հակառակորդներին մասնակցել ընտրություններին և արտահայտել սեփական դիրքորոշումը` քվեարկելով իր օգտին: Ըստ Սոբչակի՝ իր օգտին քվեարկությունը նույնական է «դեմ բոլորին» տարբերակին, որը, ըստ նրա, ցավոք, բացակայում է քվեաթերթիկներում:
Այժմ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի ընդդիմության մյուս վառ ներկայացուցիչը՝ Ալեքսեյ Նավալնին լիովին այլ մարտավորություն է որդեգրում, այն է՝ ընտրությունների բոյկոտը: Թե ինչպե՞ս կկողմնորոշվի ռուսական հասարակության ընդդիմադիր հատվածը և թե ո՞ր ընդդիմադիր առաջնորդի՝ Սոբչա՞կի, թե՞ Նավալնիի տարբերակը կնախընտրի, դեռևս հայտնի չէ: Սակայն ակնհայտ է՝ պատակտումն անխուսափելի է: