Բրյուսելում գտնվող կատալոնացի երեք քաղաքական գործիչները կհրաժարվեն իրենց մանդատներից, որպեսզի ապահովեն Կատալոնիայի խորհրդարանի կողմից ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում Կառլես Պուչդեմոնի թեկնածության հաստատումը: Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր նաև կատալոնական կառավարության ներքին գործերի նախկին խորհրդական Ժոակիմ Ֆորն, ով անկախության հանրաքվե անցկացնելու գործով այժմ ձերբակալված է:
Հիշեցնենք, հունվարի 27-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն անօրինական էր ճանաչել ինչպես Բելգիայում գտնվող, այնպես էլ ձերբակալված կատալոնացի պատգամավորների կողմից կառավարության ղեկավարի ընտրության գործընթացում իրենց ձայները փոխանցելը: Միևնույն ժամանակ դատարանը միաձայն որոշում էր ընդունել, որ Բրյուսելում գտնվող Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարող է հաստատվել ինքնավարության ղեկավարի պաշտոնում միայն տարածաշրջանային խորհրդարան ներկայանալու դեպքում: Այդպիսով, դատարանն անօրինական ճանաչեց ընտրության գործընթացը տեսակապի միջոցով անցկացնելը: Դատարանը նաև որոշում է կայացրել, որ խորհրդարանի նիստի ներկայանալու համար Պուչդեմոնը պետք է ստանա Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենիի թույլտվությունը, ով զբաղվում է նրա գործով և տվել է ձերբակալության ազգային օրդերը: «Չի կարող տեղի ունենալ թեկնածուի հաստատման գործընթաց առանց նախնական դատական թույլտվության, եթե նույնիսկ նա անձամբ ներկայանա պառլամենտ, եթե ուժի մեջ է ձերբակալելու մասին դատական օրդերը», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները հայց էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ թույլ չտալու Պուչդեմոնի առաջադրումը Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում: Եվ, չնայած դատարանը նման որոշում չի կայացրել, սակայն պետք է նկատել, որ հավանականությունը, որ Պուչդեմոնին իսպանական դատարանը թույլ կտա մասնակցելու նիստին, փոքր է. Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցրել և արտահերթ ընտրություններ նշանակել՝ անկախության հանրաքվեն նախաձեռնած Կառլես Պուչդեմոնին իշխանությունից հեռացնելու համար և այժմ կօգտագործի բոլոր հնարավորությունները նրա վերընտրվելուն խանգարելու համար:
Հաշվի առնելով, որ Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը բացառում է ինքնավարության ղեկավարի պաշտոնում ցանկացած այլ թեկնածուի առաջադրում՝ այս իրավիճակը կարող է որոշակի լարվածություն առաջացնել կատալոնական քաղաքական ուժերի միջև, որոնք փորձում են հնարավորինս արագ հասնել Մադրիդի ուղիղ կառավարման չեղարկմանը: Նշենք, որ եթե առաջին քվեարկությունից հետո երկու ամսվա ընթացքում կատալոնական խորհրդարանին չհաջողվի ընտրելու ինքնավարության ղեկավարին, կնշանակվեն նոր ընտրություններ: